shape

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Գևորգ եկեղեցի, Գյուղ Մարմարաշեն
Սբ. Գևորգ եկեղեցի, Գյուղ Մարմարաշեն

     Մարմարաշեն գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է 2000-2002 թթ.: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2000 թ. դեկտեմբերի 1-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի:

Նախկինում գործող Ս. Գևորգ եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին ավերվել էր: Այդ եկեղեցու 16 քարերը ջրով, գինով լվացվելուց և սրբալույս մյուռոնով օծվելուց հետո տեղադրվել են նորակառույց եկեղեցու հիմքում` կրելով 12 Առաքյալների և 4 Ավետարանիչների անունները:  Նորակառույց եկեղեցու օծումը կատարվել է 2002 թ. նոյեմբերի 4-ին՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Դալար
Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Դալար

       Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում, գինու գործարանի տարածքում: Ուղղանկյուն հատակագծով է, եռանավ, կիսաշրջան խորանով, որին կից են ավանդատները: Ըստ բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1890 թ., իսկ 1894 թ.` գյուղացիների միջոցներով նորոգվել: Ունի երկու մուտք` հարավային և արևմտյան կողմերից: Կառուցվել է կարմիր և սև սրբատաշ տուֆով: Տարիներ շարունակ մնալով գործարանի տարածքում՝ բավարար վիճակով պահպանվել է և այժմ գործող եկեղեցի է:   

 Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Արևշատ
Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Արևշատ

     2006 թ. հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի և մասնակցությամբ քահանայից դասի օծվեցին Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և բակում տեղադրված խաչքարը:

    Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա:

Սբ. Գևորգ եկեղեցի, Գյուղ Կանաչուտ
Սբ. Գևորգ եկեղեցի, Գյուղ Կանաչուտ

     2007 թ. ապրիլի 14-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օծվեց Արարատի մարզի Կանաչուտ գյուղի վերակառուցված Ս. Գևորգ եկեղեցին: Մեկ օր շուտ` ապրիլի 13-ին, օծվել էր եկեղեցու խաչը, տեղադրվել գմբեթին, օծվել էին նաև եկեղեցու չորս սյուները: Նավասարդ սրբազանն օծեց եկեղեցու գլխավոր, արևելյան և արևմտյան դռները, Սուրբ Սեղանը:

Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Շահումյան
Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Շահումյան

     2009 թ. ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաօծվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նախօրեին օծվել էր եկեղեցու խորանը: Եկեղեցու օծման կարգից հետո մատուցվել է անդրանիկ Սուրբ Պատարագ, այնուհետև կատարվել մանուկների օրհնության կարգ:

   Ըստ բարավորի վրա պահպանված արձանագրության՝ գյուղի հին բազիլիկ եկեղեցին, կառուցվել է 1860-ական թվականներին և խորհրդային տարիներին շատ եկեղեցիների նման խոնարհվել և օգտագործվել որպես գյուղի գինու գործարանի պահեստ:

Սբ. Աստվածածին եկեղեցի, Դիմիտրով
Սբ. Աստվածածին եկեղեցի, Դիմիտրով
 Սբ. Գևորգ եկեղեցի, Քաղաք Մասիս
Սբ. Գևորգ եկեղեցի, Քաղաք Մասիս

      2009 թ. նոյեմբերի 1-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծվեց Մասիսի Ս. Գևորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի և Արթուր Աբրահամի բարերարությամբ, ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը: Վեհափառ Հայրապետն առընթերակայությամբ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, կատարեց նորակառույց եկեղեցու օծումը: Սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը և սյուները: Օծման արարողությունից հետո իր օրհնությունը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

 Սբ. Հովհաննես եկեղեցի, Գյուղ Մխչյան
Սբ. Հովհաննես եկեղեցի, Գյուղ Մխչյան

     Ըստ բարավորի վրա պահպանված արձանագրության՝ Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին կառուցվել է 1890 թ., սակայն գործել է մինչև 1930-ական թվականնները, որից հետո, ինչպես շատ եկեղեցիներ, վերածվել է պահեստի: 1980-ական թվականներին եկեղեցու դռները նորից բացվեցին հավատավոր ժողովրդի առաջ՝ իբրև Աստծո և աղոթքի տուն: 2008 թ. գյուղի այցելու հովվի՝ Տեր Ղազար Պետրոսյանի և մի քանի հավատացյալների նախաձեռնությամբ կատարվեց դրամահավաք՝ եկեղեցու վերանորոգման համար: Հավաքված գումարներով կատարվեցին առաջնային համարվող մի քանի աշխատանքներ:

     2010 թ. եկեղեցու հիմնական վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու պարտականությունը ստանձնեց գյուղի բարեպաշտ հավատացյալներից մեկը՝ Արգամ Աբրահամյանը: Եկեղեցին  ամբողջապես վերանորոգվեց դրսից և ներսից, ողջ տարածքը կանաչապատվեց և ցանկապատվեց, կառուցվեց փոքրիկ զանգակատուն և Սուրբ Սեղան:

 Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Նորաբաց
Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Նորաբաց
 Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Արտաշատ
Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Արտաշատ

     Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին:
Մայիսի 31-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: 
Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 2002 թ. հոկտեմբերի 29-ին, կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ: Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը:

Սբ. Թադեոս եկեղեցի, Քաղաք Մասիս
Սբ. Թադեոս եկեղեցի, Քաղաք Մասիս

     1987-1988թթ. ճարտարապետ Արթուր Թարխանյանը ու նրա դուստրը՝ Անահիտ Թարխանյանը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացրեցին Ս. Թադեոս եկեղեցու էսքիզային երկու՝ ժամանակակից և ավանդական ոճավորման նախագծեր: Երկուսն էլ արժանացան Վեհափառ Հայրապետի և ճարտարապետների խորհրդի հավանությանը, սակայն Վեհափառ Հայրապետն իր նախապատվությունը տվեց ավանդական տարբերակին: Շատ արագ պատրաստվեցին եկեղեցու աշխատանքային գծագրերը, և սկսվեց շինարարության նախապատրաստմասն գործընթացը:

Սակայն երկու ամսից շինարարությունն ընդհատվեց: Եկեղեցու հիմնօրհներքը կատարվեց դեռևս 1991թ.: Հիմնօրհնեքից հետո շատ քիչ աշխատանքներ կատարվեցին եկեղեցու շինարարության ուղղությամբ:

Շատիվանք
Շատիվանք

     Շատին գյուղի տարածքում նախկինում եղել են 2 այլ գյուղեր` Անգեղի ու Ոստինք, որոնցից հիմա միայն ավերակներ են մնացել: Շատինում կան շատ պատմական հուշարձաններ: Շատիվանքը կամ Շատին վանք, Շատանյա վանք, Շատիկ անապատ, Շատինավանք, գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հիմնադրվել է 929 թ.-ին Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը Սմբատ իշխանի, նրա կին Սոֆյայի ու եղբոր` Սահակի աջակցությամբ: Այն եղել է խստակրոն ճգնարան-մենաստան: Այն մինչև 17-րդ դարը ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների: 17-րդ դարի կեսին նույն տեղում նոր վանք է կառուցվել:

    Ներկայիս եկեղեցին կոչվում է Սբ. Սիոն, կառուցվել է 1655 թ.-ին ջուղայեցի վաճառական Մահտեսի Հակոբի (Հակոբ Ջուղայեցի) հովանավորությամբ, ում անունով դեռևս նրա կենդանության օրոք` 1661թ.-ին, մարմարե խաչքար է ագուցված Սբ. Սիոն եկեղեցու արևմտյան դռան վերևում: Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է վանքի միաբան` իր միջոցներով նպաստելով վանքի գործունեությանը: