Մարմարաշեն գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է 2000-2002 թթ.: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2000 թ. դեկտեմբերի 1-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի:
Նախկինում գործող Ս. Գևորգ եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին ավերվել էր: Այդ եկեղեցու 16 քարերը ջրով, գինով լվացվելուց և սրբալույս մյուռոնով օծվելուց հետո տեղադրվել են նորակառույց եկեղեցու հիմքում` կրելով 12 Առաքյալների և 4 Ավետարանիչների անունները: Նորակառույց եկեղեցու օծումը կատարվել է 2002 թ. նոյեմբերի 4-ին՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եկեղեցու օծումը նվիրվել է Հայոց Հայրապետի գահակալության երրորդ տարեդարձին:
Օծվել են եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերը, եկեղեցու երկու խաչքարերը` նվիրված 1915 թ. Մեծ Եղեռնի և 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ս. Գևորգ եկեղեցու ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է, կառուցման նախաձեռնողն ու բարերարը` մոսկվաբնակ Սերգեյ Ղազարյանը: Եկեղեցանվեր գործունեության համար Սերգեյ Ղազարյանին շնորհվել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:
Եկեղեցին կառուցվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ: