2007 թ. ապրիլի 14-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օծվեց Արարատի մարզի Կանաչուտ գյուղի վերակառուցված Ս. Գևորգ եկեղեցին: Մեկ օր շուտ` ապրիլի 13-ին, օծվել էր եկեղեցու խաչը, տեղադրվել գմբեթին, օծվել էին նաև եկեղեցու չորս սյուները: Նավասարդ սրբազանն օծեց եկեղեցու գլխավոր, արևելյան և արևմտյան դռները, Սուրբ Սեղանը:
Օծման կարգից հետո վերակառուցված եկեղեցում մատուցվեց անդրանիկ Ս. Պատարագը: Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել էր 1908 թ., սակայն 1937 թ. ի վեր չէր գործել: Եկեղեցու վերակառուցման նախագծի հեղինակը և իրականացնողը ճարտարապետ Հակոբ Բաբախանյանն է: Եկեղեցին վերակառուցվեց երեք տարվա ընթացքում՝ Արարատի մարզպետ, ծնունդով կանաչուտցի Ալիկ Սարգսյանի հովանավորությամբ: Օծման հանդիսավոր արարողության ընթացքում Նավասարդ սրբազանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակը և Վեհափառ Հայրապետի կողմից Ալիկ Սարգսյանին հանձնեց «Ս. Ներսես Շնորհալի» շքանշան: