shape
«Էջմիածին» ամսագիր

«Էջմիածին» ամսագիր

«Էջմիածին» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիր

պատմական համառօտ ակնարկ

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունէութեան գերակայ ուղղութիւններից է հրատարակչական ոլորտը: Այստեղ առանձնակի հոգածութեան առարկայ է պարբերականների եւ պաշտօնաթերթերի հրատարակութիւնը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական` «Էջմիածին» կրօնագիտական եւ հայագիտական ամսագիրը մինչեւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը Մայր Աթոռի հրատարակած «Արարատ» ամսագրի (1868-1919 թթ.) աւանդոյթների անմիջական ժառանգորդն ու շարունակողն է: Այն հրատարակւում է ամենամսեայ պարբերականութեամբ: Լոյս է տեսնում 1944 թուականից` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ Չորէքչեանի (1945-1954 թթ.) յառաջաձեռնութեամբ: Խմբագրական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար 1956 թուականին, Վազգէն Ա․ Հայրապետի (1955-1994 թթ.) տնօրինութեամբ, խմբագրութեանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յատկացուել է առանձին գրասենեակ, իսկ պարբերականի տպագրութիւնն անխափան իրականացնելու նպատակով 1961 թուականի հոկտեմբերի 15-ին վերաբացուել է Մայր Աթոռի տպարանը: Կրօնագիտական, հայագիտական պարբերականի գիտականութիւնը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպէս նաեւ հրատարակութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու նպատակով 1965 թուականին Վազգէն Ա․ Կաթողիկոսի նախաձեռնութեամբ կազմաւորուել է խմբագրական խորհուրդ: 2018 թ. սկսած, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ, «Էջմիածին» ամսագրի խմբագրութեան աշխատանքները համակարգում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժինը:

Հիմնադրման առաջին իսկ օրերից ամսագիրը կարեւոր դերակատարութիւն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայրենիքի սահմաններից դուրս մերձաւոր ու հեռաւոր Սփիւռքում` հայագիտութեան, աստուածաբանութեան, կրօնագիտութեան եւ առհասարակ դպրութեան զարգացման գործում: Հրատարակութեան 80 տարիների ընթացքին «Էջմիածին» ամսագրին թղթակցել են զանազան երկրների գիտութեան կաճառների եւ կրթական հաստատութիւնների բազմաթիւ՝ հայ եւ օտարազգի մեծանուն ու վաստակաշատ հայագէտներ ու աստուածաբաններ, պատմաբաններ, բանասէրներ այլ և այլ բնագաւառների մշակներ: «Էջմիածին» ամսագրում տպագրուող գիտական յօդուածները գրախօսւում են: Ամսագրի տպագրուած օրինակներն առաքւում են Հայաստանեան եւ արտերկրի մի շարք գրադարաններ, իսկ թուային տարբերակները տեղադրւում են համացանցային համապատասխան կայքերում:

 

 

«Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագրին առընչուող հիմնական տեղեկութիւններ

Լոյս է տեսնում Գէորգեան հոգևոր ճեմարանի գիտական խորհրդի որոշմամբ

Պաշտօնական կոչումը՝ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի

 


Պաշտօնական անուանումը՝ (հայերէն)՝ «Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագիր

Պաշտօնական անուանումը (անգլերէն)՝ “Etchmiadzin” Theological and Armenological Journal

Պաշտօնական անվանումը (ռուսերեն)՝ «Эчмиадзин» религиоведческий и арменоведческий журнал

Պաշտօնական կրճատ անվանումը՝ «Էջմիածին», “Etchmiadzin”, «Эчмиадзин»

Հրատարակիչ՝ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հրատարակչութիւն
Հասցէ՝ ՀՀ, 1101, Վաղարշապատ, Արարատեան 2, Մայր Աթոռ Ս Էջմիածին

Թողարկման պարբերականութիւնը՝ տարեկան տասներկու համար
Տպաքանակը՝ 150 օրինակ


ISSN (Print) ISSN 1829-4243
eISSN (Online) 2953-7843

Էլ. փոստ-etchmiadzinamsagir@gmail.com

 

Հրատարակչական բաժնի տնօրէն՝

Տ. Արարատ քհնյ. Պօղոսեան

Հեռ.՝ +374 10 517-271

Էլ. փոստ- terararatqahana@gmail.com

 

Խմբագրակազմ՝

Գէորգ Մադոյեան (գլխաւոր խմբագիր) – հեռ.՝ +374 10 517-276

Տ Թադէոս վարդապետ Զիրեկեանց (գլխաւոր խմբագրի տեղակալի ժ/պ)

Նարինէ Սարգսեան (լեզուաոճական խմբագիր և սրբագրիչ)

Գոռ Գրիգորեան (տեխնիկական խմբագիր)

 

Խմբագրական խորհուրդ՝

Տ. Մկրտիչ եպս. Պռօշեան, էլ փոստ-aragacotnitem@mail.ru

Տ. Գէորգ եպս. Սարոյեան (պ. գ. թ.), էլ փոստ-bishopgevork@gmail.com 

Տ. Շահէ ծ․ վրդ. Անանեան (փ. գ. թ.), էլ փոստ-hayrshaheananyan@yahoo.com

Տ. Ռուբէն վրդ. Զարգարեան, էլ փոստ-fatherrouben@yahoo.com 

Տ․ Յուսիկ աբղյ․ Սմբատեան (ա. գ. թ.)էլ փոստ-frhusik@rambler.ru

Տ. Արարատ քհնյ. Պօղոսեան (պ. գ. թ.), էլ փոստ-terararatqahana@gmail.com

Բոզոյեան Ազատ (պ. գ. դ.), էլ․ փոստ-bznazt@gmail.com

Թորոսեան Վահէ (պ. գ. թ.), էլ փոստ-vahetorosyan7@gmail.com 

Մաթևոսեան Կարէն (պ. գ. դ.), էլ փոստ-karenmatevosian@gmail.com

 

Յօդուածների ընդունման ընթացակարգը

Խմբագրութեանը ներկայացուող նիւթերը պէտք է՝

  • համապատասխանեն ամսագրի ձևաչափին և ուղղուածութեանը (կրօնագիտութիւն կամ հայագիտութիւն),
  • ապահովեն գրական և գիտական պատշաճ շարադրանք,
  • երբևէ (որևէ տեսքով) հրապարակուած չլինեն,
  • ունենան կառուցուածք՝ ըստ բաժինների և ենթաբաժինների (ներածութիւն/մուտք, հիմնական շարադրանք, եզրակացութիւն/ամփոփում),
  • ապահովեն գիտական որոշ նորոյթի առկայութիւն կամ անդրադարձ օրախնդիր հարցերի,
  • ունենան հայերէն, անգլերէն և ռուսերէն ամփոփումներ, ուր նշուած կլինեն հեղինակի անուն-ազգանունը, յօդուածի վերնագիրը (նուազագոյնը 150 բառ՝ 300-ը չգերազանցող) և գրականութեան ցանկ,
  • գիտական կոչում չունեցող հեղինակները, յօդուածին կից պէտք է ներկայացնեն երաշխաւորագիր (գիտական ղեկավարից կամ հաստատութիւնից)։
  • Լեզուի պատմութեանը, հին և միջնադարեան հեղինակներին, Արևմտահայ գրողներին վերաբերող յօդուածների մէջբերումները պէտք է ներկայացուեն համապատասխան ուղղագրութեամբ, ըստ յղուող աղբիւրների։

 

Համակարգչային պահանջներ.

  • Շարուածքը՝ Word (doc, .docx) ձևաչափով,
  • Ծանումն՝ Unicode
  • Տառատեսակը Sylfaen,
  • Տառաչափը՝ 12 կէտ (տողատակն ու ամփոփումները՝ 10 կէտ),
  • Տողերի միջակայքը՝ 1.5
  • Թուղթը՝ A4,
  • Լուսանցք բոլոր կողմերից՝ 2 սմ,
  • Նիւթի ծաւալը՝ մինչեւ 20 էջ (կամ առաւելագոյնը 36000 նիշ):
  • Նիւթը չի կարելի տողադարձել։
  • Յղումները պէտք է ունենան հետևեալ տեսքը՝ Հեղինակի անունը՝ յապաւուած, ազգանունը (թաւ-Bold), աշխատութեան վերնագիրը, հատորը, եթէ կայ, հրատարակութեան վայրը, տարին, էջը․ օրինակ՝ Հր․ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հտ․ Ա․, Երևան, 1942, էջ VII:
  • Հռոմէական թուանշանների փոխարէն պէտք կիրառուեն հայկականները․ օրինակ՝ XIV դար-ԺԴ․ դար։
  • Նկարները՝ գծանկարները, սև-սպիտակ և գունաւոր լուսանկարները ներկայացնել յօդուածից առանձին` շատ լինելու դէպքում՝ որպէս յաջորդական միաւորներ (նկ. /աղ. 1, 2, 3...)` ոչ պակաս քան` 300 կէտ 2.5 սմ2 մէջ (DPI) խտութեամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ իւրաքանչիւրի բացատրութեամբ և նկարի աղբիւրի յղմամբ։

 

Հրապարակման բարեվարքութիւն.

«Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագրի խմբագրութիւնն առաջնորդւում է գիտական աշխատանքների հեղինակային իրաւունքի պահպանման ՀՀ և միջազգային ընդունուած չափանիշներով։
Թէեւ ամսագրի խմբագրութիւնն ամեն ջանք գործադրում է գիտական բարեվարքութիւնն ու որակը պահելու համար, այնուամենայնիւ պատասխանատւութիւն չի կրում հրապարակուող նիւթերի (բնագիր, լուսանկար, գծանկար, աղիւսակ, ևն) իրաւունքների ու արտայայտուած մտքերի/տեսակէտների համար, որոնց պատասխանատւութիւնը կրում են յօդուածների հեղինակները:
Խրախուսւում են այն յօդուածները, որոնք պահում են գիտական բարեվարքութեան կանոնները՝ յղելով հրատարակուած և չհրատարակուած տեղեկոյթի աղբիւրները:
Յօդուածի ընդունման կամ մերժման մասին պատասխանը տրւում է 60 օրուայ ընթացքում:
Ընդունւում են միայն պահանջներն ու չափանիշերը բաւարարող յօդուածները:
Յօդուածների գրախօսումն իրականացւում է բաց կամ փակ եղանակով:

 

Բաց հասանելիութիւն

«Էջմիածին» կրօնագիտական և հայագիտական ամսագրի խմբագրութիւնն առաջնորդւում է գրախօսուող գիտական ամսագրերի յօդուածների անխոչընդոտ մատչելիութիւնը և բաց հասանելիութիւնը համացանցի միջոցով ապահովելու քաղաքականութեամբ: Բաց հասանելիութիւնը մեծապէս նպաստում է հրապարակումների տարածմանը, ինչպէս նաև բարձրացնում է հեղինակների ճանաչելիութիւնը: Ամսագիրը գրախօսուող՝ բաց հասանելիութեամբ պարբերական է:

 

Գրախօսութիւն

Գրախօսութիւնները պէտք է լինեն տպուած և ստորագրուած:
Հրապարակման մասին որոշումը կայացւում է ամսագրի բոլոր պահանջները բաւարարելու, ինչպէս նաև դրական կարծիքի (գրախօսութեան) առկայութեան պարագային։
Յօդուածի տպագրութիւնից առաջ հեղինակը ծանօթանում է խմբագրուած բնագրին (անձամբ այցելելով խմբագրութիւն կամ ընթերցելով յօդուածի pdf տարբերակը) և տալիս է իր համաձայնութիւնը՝ լրացնելով համապատասխան հաւաստագիրը:

 

«Էջմիածին»  ամսագրի քարոզխօսական բաժնում տպագրուող քարոզների չափորոշիչներ

Հրատարակութեան ներկայացուող քարոզը պէտք է շարադրուած եւ մուտքագրուած լինի գրական լեզուի պահանջների համապատասխան` այսինքն ոչ թէ բանաւոր խօսքի ինքնաբերական գրառում, այլ յաւուր պատշաճի գրաւոր ամփոփ ձեւակերպում ստացած համապարփակ միտք:

Քարոզի նպատակ:  Քարոզչի նպատակը պէտք է լինի հաւատացեալի կեանքի ու գործունէութեան մէջ  խթանել  հոգեւոր-բարոյական եւ ազգային-հայրենասիրական գիտակցութիւնը:

Քարոզը պէտք է․ 

  1. ունենայ բնաբան` օրուայ սուրբգրային ընթերցուածքի կամ տօնի խորհրդի համապատասխան,
  2. լինի յստակ եւ ամփոփուի առաջադրուած նիւթի սահմաններում,
  3. սկզբից մինչեւ վերջ խարսխուի օրուայ հիմնական` յստակ ուրուագծուած խորհրդին,
  4. լինի զերծ հակասական մտքերից,
  5. լինի զերծ երկար  ու խրթին մտքերից եւ աւելորդ ծաւալուն մէջբերումներից,
  6. սուրբգրային եւ մնացեալ մէջբերումներն ունենան համապատասխան յղումներ,
  7. լինի մեկնողական, բացատրական, վերլուծական, նկարագրական, պատմողական,
  8. լինի արդիական,
  9. ունենայ ամփոփիչ պատգամ,
  10. սահմանափակուի 3 համակարգչային էջով (1800 նիշ էջում):

 

Ամսագրի առցանց շտեմարաններ՝

«Էջմիածին» Ս. Էջմիածնի Մատենադարան:

«Էջմիածին» – Համահայկական թուանշային գրադարան:

«Էջմիածին» – Հայկական շարունակական հրատարակութիւնների համահաւաք գրացուցակ:

«Էջմիածին» – ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի շտեմարան:

 

 

«Էջմիածին» ամսագրի 1944-1973 թթ մատենագիտութիւնը։

«Էջմիածին» ամսագրի 1974-2008 թթ մատենագիտութիւնը։

 

  1.