Սուրբ Մարիանե եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում և կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր)։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։
Կարմրավորը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները։ Խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերը 5,9 x 7,4 մետր են։
Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։ Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրն ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է։
Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268)։
Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Այն Աշտարակի հնագույն հուշարձանն է՝ եռանավ, բազիլիկ: Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։
Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ լայնություն և 25,3 մ երկարություն։ Աղոթասրահը (9,5 x 19,5) երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին և կողքի նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում՝ պայտաձև, աբսիդը և նրա կողմերում՝ քառակուսի ավանդատները:
Սպիտակավոր եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թ-ի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։
Մուղնու Սբ. Գևորգ վանքը մեծ հռչակ է վայելում համաքրիստոնեական հանրահայտ սրբերից Գևորգ զորավարի այստեղ պահվող մասունքների շնորհիվ: Ուշ միջնադարում վանքն ապրել է ծաղկման նոր շրջան: Հնագույն եկեղեցու տեղում կառուցվել է այժմյան Սբ. Գևորգ եկեղեցին, որը XVII դարի հայ եկեղեցական ճարտարապետության ամենանշանակալից կառույցներից է:
Մուղնու վանքը առաջին անգամ հիշատակվում է 1278 և 1280 թթ. ընդօրինակված երկու ձեռագրի հիշատակարաններում: Մուղնու վանքը ծաղկում է ապրել XVI դարում: 1632-1655 թթ. վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ամբողջովին քանդել է տեղի հին ու խարխուլ եկեղեցին և կառուցել նոր քառասյուն եկեղեցի` կից շինություններով ու պարսպով: Այդ եկեղեցին շատ կարճ կյանք է ունեցել, քանի որ շինված է եղել անմշակ քարով:
Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել նրա կյանքի ու գործի մասին։
1875-79 թվականներին Գևորգ IV կաթողիկոսը հին մատուռի վայրում բազիլիկ տիպի նոր եկեղեցի է կառուցում։ Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (433):
Աշխարհում միակ հայկական վանքն է սա, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ստեղծված օրհներգությունների պատվին Սաղմոսավանք է կոչվել: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Հովհաննավանքից դեպի Սաղմոսավանքի կիրճի իր ճգնարանը ոտքով գնալիս, հենց այս վայրերով էր անցնում: Նրա աղոթքն այստեղ թևեր է առել ու պահպանիչ դարձել մեր ժողովրդի համար:
Սուրբ Սաղմոսավանքը 800 տարեկան է: Արագածոտնի գավառի Վաչե Վաչուտյան իշխանը այս վայրն այցելելուց հետո գաղափար է ունեցել Լուսավորչի և Սաղմոսաց ժայռափոր անապատների մոտ եկեղեցի կառուցելու: Գլխավոր եկեղեցին նա և կինը 1215 թվականին են կառուցել, իսկ նրանց որդին 1235 թ.-ին ավարտել է համալիրի շինարարությունը` ավելացնելով այստեղ ևս մեկ եկեղեցի և գրատուն:
Մաստարան գտնվում է ՀՀ Արագածոտի մարզում՝ Թալինից 8 կմ հյուսիս՝ պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Մազդարա բնակավայրի տարածքում: Այստեղով է անցել արքունի ճանապարհը, որի վրա եղել է «իջևանատուն արքունի»:
Տարբեր ժամանակներում Մաստարայում բնակություն են հաստատել Սասունի, Բասենի, Խնուսի, Կարսի, Խոյի և այլ շրջաններից գաղթածները։
Տարածքում պահպանված հնագիտական և ճարտարապետական հուշարձաները վկայում են, որ միջնադարում այն եղել է նշանավոր բնակավայր: Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն մատուռի ավերակները:
Սբ. Հովհաննավանքը հայկական հնագույն սրբավայրերից է, գտնվում է Քասախ գետի աջ ափի գեղատեսիլ քարափին, Արա լեռան դիմաց: Ըստ ավանդության, Հովհաննավանքը հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը` այստեղ բերելով Հովհաննես Մկրտչի նշխարներից մի մասունք:
Հովհաննավանքի համալիրի մեջ են մտնում IV-V դարերի Ս. Կարապետ և 13-րդ դարի Կաթողիկե եկեղեցիները, ժամատուն -գավիթը (1247-1250 թթ.), տապանատունը և 5-րդ դարի հուշասյունը:
Սբ. Կարապետը ուղղանկյուն բազիլիկ եկեղեցի է և երեք կողմերից որմնասյուններով բաժանված է չորս հավասար մասերի: Եկեղեցու արևելյան պատի արտաքին երեսին պահպանվել է Վաչուտյան իշխանների տոհմանշանը: Բազիլիկ եկեղեցին միանավ շինություն է` կառուցված սև ու գորշ տուֆից, կրաշաղախով: Այն եղել է փայտածածկ, 573 թ. փոխարինվել է քարե թաղով: Հովհաննավանքի գլխավոր շինությունները` Կաթողիկեն ու գավիթը կառուցվել են 13-րդ դարում Վաչուտյանների իշխանական տոհմի կողմից (1216-21թթ-ին): Վանքը նորոգվել է 1652 թ.:
Բյուրականի ճարտարապետական հուշարձաններից է Սբ. Հովհաննես թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցին, կառուցված` 10-րդ դարում: Զուսպ ճակատները մշակված են պսակազարդ բոլորաձև և երկարավուն լուսամուտներով, որոնցից պահպանվել են մի քանիսը: Հարդարանքով համեմատաբար հարուստ է ինտերիերը, ուր լուսամուտները պսակված են երեսակալներով, որմնասյուները` հունական քանդակազարդ խոյակներով:
Բյուրականի Արտավասիկ, Արդավազիկ, Արդավասիկ, Արդավազդիկ, Արտավազիկ անուններով հայտնի մյուս եկեղեցին ձորամիջում է, կառուցվել է 7-րդ դարոմ: Գմբեթավոր, խաչաձև հատակագծով, սրբատաշ տուֆաքարից շարված փոքր, բայց գեղեցիկ շինություն է: Առաջին անգամ վերանորոգվել է 12-րդ դարում, երկրորդ անգամ` 1959-60 թթ:
Եկեղեցին այժմ կիսով չափ խոնարհված է: Արտավազիկ եկեղեցին պատկանում է միախորան փոքր եկեղեցիներին: Հուշարձանի արևելյան կողմում կանգուն է 13-րդ դարի կոթող-խաչքարը: Ըստ ավանդության, այստեղ մահացած մի ճգնավոր մնում է անթաղ և հրեշտակը նրա համար տեղ է պատրաստում ասելով` «Արդ ավասիկ, երթ և ամփոփեա զայն… ».