Աշխարհում միակ հայկական վանքն է սա, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ստեղծված օրհներգությունների պատվին Սաղմոսավանք է կոչվել: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Հովհաննավանքից դեպի Սաղմոսավանքի կիրճի իր ճգնարանը ոտքով գնալիս, հենց այս վայրերով էր անցնում: Նրա աղոթքն այստեղ թևեր է առել ու պահպանիչ դարձել մեր ժողովրդի համար:
Սուրբ Սաղմոսավանքը 800 տարեկան է: Արագածոտնի գավառի Վաչե Վաչուտյան իշխանը այս վայրն այցելելուց հետո գաղափար է ունեցել Լուսավորչի և Սաղմոսաց ժայռափոր անապատների մոտ եկեղեցի կառուցելու: Գլխավոր եկեղեցին նա և կինը 1215 թվականին են կառուցել, իսկ նրանց որդին 1235 թ.-ին ավարտել է համալիրի շինարարությունը` ավելացնելով այստեղ ևս մեկ եկեղեցի և գրատուն:
Գրատունը հարուստ մատենադարան է ունեցել, 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է 120 ձեռագիր: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին հայկական ութ ամենանշանավոր մենաստանների շարքում է դասել Սաղմոսավանքը: Վանքի շուրջը գյուղ հիմնադրել են շատ ուշ՝ 1830 թվականին, Կարսից գաղթած հայերը:
Մեր եկեղեցու ամենահռչակավոր վարդապետներն են գործել այստեղ, փառավոր անցյալ ունի վանքը, սակայն հայտնի է, որ 18-րդ դարի երկրորդ կեսից նրա նշանակությունը նվազել է: Կիսավեր վանքում 1890թ-ին նորոգումներ է արել Խրիմյան Հայրիկը: Քրիստոնեության 1700 ամյակի առիթով վերջին նորոգումները եղել են 2001թ.-ին:
Պաշտոնական տվյալներով Հայաստան մտնող զբոսաշրջիկների 90 տոկոսն անպայման այցելում է Սաղմոսավանք:
Ինչպես մեր շատ զորավոր վանքեր, Սաղմոսավանքն էլ խնդրակատար է: Տարիներով զավակ չունեցող շատ ընտանիքներ ուխտի են գալիս այստեղ, իսկ հետո արդեն եկեղեցի են գալիս մկրտելու իրենց զավակներին: