Մուղնու Սբ. Գևորգ վանքը մեծ հռչակ է վայելում համաքրիստոնեական հանրահայտ սրբերից Գևորգ զորավարի այստեղ պահվող մասունքների շնորհիվ: Ուշ միջնադարում վանքն ապրել է ծաղկման նոր շրջան: Հնագույն եկեղեցու տեղում կառուցվել է այժմյան Սբ. Գևորգ եկեղեցին, որը XVII դարի հայ եկեղեցական ճարտարապետության ամենանշանակալից կառույցներից է:
Մուղնու վանքը առաջին անգամ հիշատակվում է 1278 և 1280 թթ. ընդօրինակված երկու ձեռագրի հիշատակարաններում: Մուղնու վանքը ծաղկում է ապրել XVI դարում: 1632-1655 թթ. վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ամբողջովին քանդել է տեղի հին ու խարխուլ եկեղեցին և կառուցել նոր քառասյուն եկեղեցի` կից շինություններով ու պարսպով: Այդ եկեղեցին շատ կարճ կյանք է ունեցել, քանի որ շինված է եղել անմշակ քարով:
Մարտիրոս եպիսկոպոսի եղբորորդի Հովհաննես վարդապետը (1609-1669), որը ժամանակի նշանավոր եկեղեցական գործիչներից էր, գրասեր և ուսումնասեր մարդ, հիմնովին քանդել է եկեղեցին և 1664 թ.-ին ժամանակի կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու (1655-1680) օժանդակությամբ ձեռնարկել սրբատաշ քարով նոր եկեղեցու կառուցումը: Շինարարությունը հանձնարարվել է Սահակ Հիզանցի ճարտարապետին և բարեհաջող ավարտվել 1670 թ.: Արդյունքում վեր է խոյացել Մուղնու վանքի ներկայիս գեղակերտ Սբ. Գևորգ եկեղեցին: Սբ. Գևորգ եկեղեցին գտնվում է պարսպապատ վանական համալիրի կենտրոնում, իսկ պարիսպներին կից տեղադրված են մյուս շինությունները. հյուսիսարևելյան անկյունում՝ վանքի մուտքի մոտ` բնակելի սենյակները և սեղանատունը, հարավային պատին կից` պահեստը, հյուսիսարևմտյան կողմում՝ պարսպի մոտ` աղբյուրը:
Սբ. Գևորգ եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, կառուցված սև և դեղնակարմիր սրբատաշ տուֆ քարով: Նրա արևմտյան կողմում բուն կառույցի հետ միաժամանակ կառուցվել է եռակամար նախասրահ, որի կենտրոնում 12 սյուներով զանգակատուն–ռոտոնդան է: Եկեղեցու ներքին տարածությունը երկու զույգ խաչաձև մույթերով բաժանվում է 3 նավի, որոնցից կենտրոնականը բավական լայն է: Կառույցի կենտրոնում մույթերին հենված կամարների վրա բարձրանում է գմբեթը, որն ունի հովհարաձև ծածկ: Թմբուկն արտաքինից հարդարված է դեղնակարմրավուն քարերի հինգ գոտով, իսկ պատուհաններից վերև` չորս ավետարանիչների խորհրդանիշների (մարդ, եզ, առյուծ, արծիվ) քանդակներով: Ներսից, գմբեթի վեղարի տակ, պատի մակերեսից փոքր ինչ դուրս եկած շարվածքով ստեղծված է մեծ խաչապատկեր, որը ներկված է սպիտակ գույնով: Եկեղեցու ներքին հարդարանքի բաղկացուցիչն են որմնանկարները, որոնք կառուցումից բավական ուշ` XIX դ. սկզբներին են նկարվել: Դրանց արձանագրություններից մեկում հիշատակվում է պատվիրատուի` Եզնիկ Կամսարականի անունը:
Եկեղեցու արտաքին հարդարանքում առաջնային տեղ է գրավում բազմագունությունը` սև և դեղնակարմրավուն տուֆ քարերի միջոցով կատարված շախմատաձև շարվածքով, որը կիրառված է բոլոր չորս ճակատներում, գմբեթի թմբուկի վրա` դրսից և ներսից: Դրա շնորհիվ եկեղեցին թողնում է գունագեղ տպավորություն: Բազմագունության հմուտ օգտագործման շնորհիվ Մուղնու եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում ոչ միայն ուշ միջնադարյան, այլև միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ ընդհանրապես: Առանձնակի ճոխ քանդակային հարդարանք ունեն Մուղնու եկեղեցու արևմտյան և հարավային մուտքերը, որոնք բազմաշերտ զարդաքանդակային արվեստի փայլուն նմուշներ են:
Իր հորինվածքային լուծումով, շինարարական և հարդարանքի առանձնահատկություններով Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին ուրույն տեղ է գրավում հայ եկեղեցական ճարտարապետության մեջ, հանդիսանալով նրա լավագույն ստեղծագործություններից մեկը: Եկեղեցու ներսում, հյուսիսային ավանդատանը եղած միակ տապանաքարի տակ, ըստ ավանդության պահվում են Սուրբ Գևորգի մասունքները: Աշտարակցիները 1893 թ. դրանց համար հատուկ մարմարե տապանաքար են պատրաստել: Վանքում պահվել են Սբ. Գևորգի աջի ոսկեզօծ և արծաթապատ մասունքներ և նրա ձեռագրերը:
Մուղնու վանքը մեծ հռչակ է վայելել ոչ միայն որպես ուխտավայր, այլ նաև որպես մշակութային կենտրոն: Վերջին շրջանում եկեղեցում նորոգչական աշխատանքներ են կատարվել, բարեկարգվել է վանքի տարածքը: Տևական դադարից հետո Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին դարձավ գործող վանք: Վերաօծվել է Գարեգին Երկրորդ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ` 2000 թ-ին:
Վանքի ուխտի օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրն է` Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը: Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին սիրելի ու զորավոր սրբավայր է հազարավոր մարդկանց համար: Ողջ տարվա ընթացքում վանք են բերվում հրաշագործ Ավետարաններ ու սրբերի մասունքներ` հավատացյալների օրhնության համար: Ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Մայր աթոռ Ս. Էջմիածնի գանձատնից այստեղ է բերվում Ս. Գևորգի մասունքը: Իսկ ամեն տարի Կրկնազատկի տոնին Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Ս. Գևորգ վանք է բերվում Հրաշագործ Շուրիշկանի Ավետարանը: