Բյուրականի Արտավասիկ, Արդավազիկ, Արդավասիկ, Արդավազդիկ, Արտավազիկ անուններով հայտնի մյուս եկեղեցին ձորամիջում է, կառուցվել է 7-րդ դարոմ: Գմբեթավոր, խաչաձև հատակագծով, սրբատաշ տուֆաքարից շարված փոքր, բայց գեղեցիկ շինություն է: Առաջին անգամ վերանորոգվել է 12-րդ դարում, երկրորդ անգամ` 1959-60 թթ:
Եկեղեցին այժմ կիսով չափ խոնարհված է: Արտավազիկ եկեղեցին պատկանում է միախորան փոքր եկեղեցիներին: Հուշարձանի արևելյան կողմում կանգուն է 13-րդ դարի կոթող-խաչքարը: Ըստ ավանդության, այստեղ մահացած մի ճգնավոր մնում է անթաղ և հրեշտակը նրա համար տեղ է պատրաստում ասելով` «Արդ ավասիկ, երթ և ամփոփեա զայն… ». այստեղից էլ եկեղեցու անունը` Արտավասիկ: Մեկ այլ ավանդության համաձայն, այն կառուցել է Արտավազդը, բայց փոքր լինելու պատճառով կոչվել է Արտավազդիկ:
Արտավասիկ կամ Արտավազիկ անվանված եկեղեցին հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ինքնատիպ կառույցներից է: Այն չի հիշատակվում պատմական սկզբնաղբյուրներում, ցավոք չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ: