ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սուրբ Հովհաննավանք

Սուրբ Հովհաննավանք

  • 20 May 2017
  •      Սբ. Հովհաննավանքը հայկական հնագույն սրբավայրերից է, գտնվում  է Քասախ գետի աջ ափի գեղատեսիլ քարափին, Արա լեռան դիմաց: Ըստ ավանդության, Հովհաննավանքը հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը` այստեղ բերելով Հովհաննես Մկրտչի նշխարներից մի մասունք:

    Հովհաննավանքի համալիրի մեջ են մտնում IV-V դարերի Ս. Կարապետ և 13-րդ դարի Կաթողիկե եկեղեցիները, ժամատուն -գավիթը  (1247-1250 թթ.), տապանատունը և 5-րդ դարի հուշասյունը:

    Սբ. Կարապետը ուղղանկյուն բազիլիկ եկեղեցի է և երեք կողմերից որմնասյուններով բաժանված է չորս հավասար մասերի: Եկեղեցու արևելյան պատի արտաքին երեսին պահպանվել է Վաչուտյան իշխանների տոհմանշանը: Բազիլիկ եկեղեցին  միանավ շինություն է` կառուցված սև ու գորշ տուֆից, կրաշաղախով: Այն եղել է  փայտածածկ, 573 թ. փոխարինվել է քարե թաղով: Հովհաննավանքի գլխավոր շինությունները` Կաթողիկեն ու գավիթը կառուցվել են  13-րդ դարում Վաչուտյանների իշխանական տոհմի կողմից (1216-21թթ-ին): Վանքը նորոգվել է 1652 թ.:

    Փառավոր է եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը, իսկ ճակատակալ քարին փորագրված է  Ավետարանական Իմաստուն և Հիմար կույսերի առակը: Եկեղեցու առաջին խորանի մեջ ամփոփված է Վաչե իշխանի մարմինը: Շուրջը կան գերեզմաններ։

    Հովհաննավանքը տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք,  ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան: Ղազար Փարպեցին այստեղ է գրել իր Հայոց Պատմությունը, այստեղ ընդօրինակվել են հայոց պատմագրքեր: Այդ ձեռագրերից մեզ են հասել շուրջ 20-ը:

    Հովհաննավանքում որոշ ժամանակ ապրել են նշանավոր պատմիչներ Առաքել Դավրիժեցին, Զաքարիա սարկավագ Քանաքեռցին և այլոք: Ս. Հովհանավանքը նորոգվել է  1993 թվականին, օծվել է Սուրբ Խաչը:

    shape
    book-shape