Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել նրա կյանքի ու գործի մասին։
1875-79 թվականներին Գևորգ IV կաթողիկոսը հին մատուռի վայրում բազիլիկ տիպի նոր եկեղեցի է կառուցում։ Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (433)` ուղղանկյուն թաղածածկ խուց` արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով (հյուսիսայինը փակված է, իսկ հարավայինը բացվում է դեպի ավանդատուն), իսկ արևելյան կողմին կից 1884 թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը, որի մուտքը խորանից է։ Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով։ 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել է որմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից։