shape
Պատմությունը

Պատմությունը

     Արագածոտնի թեմը ձևավորվել է 1996 թ. մայիսի 30-ին` կաթողիկոսական տնօրինությամբ: Տնօրինության մեջ մասնավորապես նշվում է. «Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության նոր վարչատարածքային բաժանումը (11 մարզերի դրույթը), Նկատի ունենալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվական, կրոնական ժողովրդական գործունեության զորացման և գործնական արդյունավորման անհրաժեշտությունը, Նկատի ունենալով նաև պատմական անցյալի որոշ ավանդույթները, Հետ խորհրդակցության Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի Հայաստանում ապրող և գործող անդամների հետ, Այսու Հայրապետական պաշտոնագրով կատարում ենք հետևյալ բարեփոխությունները մեր Եկեղեցու թեմական կառուցվածքային բնագավառում»: Հայրապետական այս պաշտոնագրով ձևավորվում է Արագածոտնի թեմը և Հայաստանյայց 7 այլ թեմերի հետ ստանում է նոր կարգավիճակ: 

     Մինչ այդ Արագածոտնի թեմի Աշտարակի և Ապարանի շրջանները պատկանում էին Արարատյան Հայրապետական թեմին, իսկ Թալինի և Արագածի շրջաննները` Շիրակի թեմին: Այս երկու թեմերի չորս շրջաններն իրենց մերձակա գյուղերով միավորվում են, որոնց հիման վրա էլ ձևավորվում է Արագածոտնի թեմը: Այս փոփոխության արդյունքում Արագածոտնի թեմը ներառեց Արագածոտնի մարզն ամբողջությամբ:

     Վերոնշյալ Հայրապետական պաշտոնագրի ավարտին նշվում է. « Հայաստանի Հանրապետության այս հառաջընթաց կյանքում թող մեր ազգային Եկեղեցու հարազատ ավանդույթները, քրիստոնեական հավատքի որպես ճշմարիտ արտահայտություն, վերակենդանանան մեր ժողովրդի առօրյա հասարակական կյանքում: Այս նախաձեռնությամբ` ողջունում ենք բոլորիդ և սպասում, որ հոգևոր վերազարթոնքի շարժումը վերստին տարածվի մեր մայր հայրենիքում և համայն հայ ժողովրդի կյանքում: Ողջ լերուք ի Տէր զօրացեալք շնորհօք Սուրբ Հոգւոյն և հաւետ օրհնեալ ի Մէնջ»:

Արագածոտնի թեմի առաջնորդներն են եղել.

Տեր Նավասարդ արք. Կճոյանը - 1996-1999 թթ.,

Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը - 1999-2002 թթ.,

 Տեր Բագրատ եպս. Գաստանյանը - 2002-2003 թթ.,

Տեր Թորգոմ վրդ. Տոնիկյանը - 2003-2007 թթ.,

 Տեր Գրիգոր վրդ. Խաչատրյանը - 2007-2009 թթ.,

 2009 թ.-ից առ այսօր թեմի առաջնորդն է Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանը:

      Այսօր Արագածոտնի թեմում առաջնորդ Սրբազանի հետ ծառայում են 15 հոգևոր սպասավորներ: Թեմում կան  29 եկեղեցիներ և 9 մատուռներ: Արագածոտնի հոգևոր կենտրոնն է Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, ուր ամփոփված է հայոց գրերի ստեղծող Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի աճույնը: Արագածոտնի թեմի առաջնորդարանը գտնվում է Աշտարակ քաղաքում` Սբ. Մարիանե եկեղեցու հարակից տարածքում: