shape

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Աստվածածին մատուռ, Ավան
Սբ. Աստվածածին մատուռ, Ավան

     Ավանի Սուրբ Աստվածածին մատուռը մտահղացել և 1996-2002 թթ. կառուցել են Ավանի Նարեկացի թաղամասի 1ա շենքի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը:  Մինչ այդ Գրիշա Մելիք-Սարգսյանը կառուցել էր հայկական եկեղեցիների 10 քարակերտ մանրակերտ, իսկ Արմեն Աղաջանյանը՝ մեկը: Այնուհետև նրանք միասին շենքին հարակից տարածքում որոշեցին կառուցել գործող եկեղեցի: Ի դեպ, այդ նույն տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր հնամյա տաճարի սյան հիմնաքար:

Եկեղեցու մանրակերտը տեսիլքով Գրիշա Մելիք-Սարգսյանը տեսել էր և պատրաստել: Հետագայում եկեղեցին նախագծվել և կառուցվել է ըստ այդ մանրակերտի:

Արաբկիր համայնքի  եկեղեցին (նախագիծ)
Արաբկիր համայնքի  եկեղեցին (նախագիծ)

   Արաբկիր համայնքի  Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ՀԲԸՄ հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի: Ճարտապետն է Արտակ Ղուլյանը:

2009 թ. Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ տեղի է ունեցել խաչքարի տեղադրում եկեղեցուն հարակից տարածքում, խաչքարն օծվել է ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Կատարվեց մատաղի օրհնություն և համայնքային հանդես:

Հիմնօրհնեքը տեղի է ունեցել 2013 թ.:  

Սրբոց Նահատակաց եկեղեցի
Սրբոց Նահատակաց եկեղեցի

    Երևանի Նուբարաշեն համայնքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը սկսվել է 2012 թվականին: 2015 թ. ապրիլի 25-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը: 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ տասնվեց սյուների օծումը կատարվեց ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի: 

Սբ. Աստվածածին եկեղեցի, Նոր Նորք
Սբ. Աստվածածին եկեղեցի, Նոր Նորք

     2014 թ. հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Եկեղեցին կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան–հուշահամալիրի հարևանությամբ:

    Նախորդ օրը՝ երեկոյան, Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվել են նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Ս. Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքար, տնօրհնեքի կարգ է կատարվել երիցատանը: Եկեղեցու, Ֆ. Նանսենի անվան թանգարան –հուշահամալիրի և երիցատան կառուցման բարերարներ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները:

Սբ. Վարդանանց Նահատակաց եկեղեցի, Մալաթիա-Սեբաստիա
Սբ. Վարդանանց Նահատակաց եկեղեցի, Մալաթիա-Սեբաստիա

     Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել 1994 թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ:

Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998 թ. ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպս. Ներսիսյանի ձեռամբ:

Սբ. Հակոբ եկեղեցի, Գյուղ Մրգավան
Սբ. Հակոբ եկեղեցի, Գյուղ Մրգավան

     19-րդ դարավերջին, 1896 թ., Պարսկաստանից այստեղ ներգաղթել է մոտ 50 հայ ընտանիք: Եկեղեցին կառուցվել է 1902-1905 թթ. Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի (հետագայում` Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոս) կողմից՝ հայ բնակչության խնդրանքով:

Շինությունը պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է երեք նավի: Բեմն առանց հարդարանքի է: Եկեղեցու գմբեթը ներքուստ կլոր է, արտաքուստ` բազմանիստ թմբուկով և վեղարով: Պատուհանները կորագիծ են, պարզ, կամարակապ աղեղներով:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Գյուղ Բյուրավան
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Գյուղ Բյուրավան

    Բյուրավան  (մինչև 1978 թ. կոչվել է Բամբակավան) գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Եկեղեցու առաջին քահանա Տեր Ղազարի և իր չորս եղբայրների աճյուններն ամփոփված են եկեղեցու բակում: 1920-ական թվականներին կոմունիստները եկեղեցին փակել  և դարձրել էին ակումբ: 1930-ական թվականներին եկեղեցին խոնարհվել է:  Եկեղեցու հին կառույցից մնացել էր միայն արևմտյան մուտքի կամարը և Սուրբ Խորանի վերնակամարը: Երկարատև մաքառումներից հետո, գյուղի բնակիչների ներդրած միջոցներով  և ջանքերով, 1988թ. եկեղեցին և ժամատունը սկսել են վերականգնվել: Կառուցման աշխատանքներն  ավարտվել են 1999թ. դեկտեմբերի 8-ին:

 Սբ. Հակոբ եկեղեցի, Գյուղ Արարատ
Սբ. Հակոբ եկեղեցի, Գյուղ Արարատ

    Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թ. Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ:

Հանրապետական նշանակություն ունեցող այս հուշարձանը բազիլիկ շինություն է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի: Միջին նավն ավարտվում է կիսաշրջան խորանով, որի երկու եզրերին ուղղանկյուն ավանդատներն են:   Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են, ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է:

Թաղակիր կամարներն հենվում են մույթերի և որմնամույթերի վրա: Պատերը սվաղված են կրով: Եկեղեցին ունի երեք մուտք` հյուսիսից, արևմուտքից և հարավից: Կառուցվել է տեղական գորշ քարով:    

 Սբ. Սարգիս եկեղեցի, Գյուղ Արգավանդ
Սբ. Սարգիս եկեղեցի, Գյուղ Արգավանդ

       Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու կառուցման տարեթիվն իմանում ենք հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», իսկ շինարարությունն ավարտվել է 1897 թ. օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ: Արքեպիսկոպոսի ազգանունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաև Խուտեցի:

 Սբ. Աստվածածին եկեղեցի,Գյուղ Վերին Արտաշատ
Սբ. Աստվածածին եկեղեցի,Գյուղ Վերին Արտաշատ

       19-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում` մայրուղու վրա: Ունի ուղղանկյուն հատակագիծ, կիսաշրջան խորան` կից ավանդատներով: Եկեղեցին ունի երեք կամարակապ պատուհաններ: Տանիքը երկթեք է, կառուցվել է կարմիր սրբատաշ տուֆով: Եկեղեցին կանգնեցված է երկաստիճան որմնախարիսխի վրա, ավարտվում է պարզ քիվով: Եկեղեցին պահպանվել է, ունի երկու մուտք` արևմտյան և հարավային կողմերում:   

 Սբ. Հարություն եկեղեցի, Գյուղ Ներքին Դվին
Սբ. Հարություն եկեղեցի, Գյուղ Ներքին Դվին

    Նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996 թ. ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի: Խորհրդային իշխանության փլուզումից հետո սա առաջին եկեղեցին էր, որի հիմքերը դրվեցին: Գարեգին Ա կաթողիկոսը ոգևորված ասել էր, թե մեր եկեղեցին կրկին հարություն է առել, և այդ ժամանակ էլ որոշվել էր եկեղեցին անվանել Սուրբ Հարություն: 

 Սբ. Աստվածածին եկեղեցի, Քաղաք Վեդի
Սբ. Աստվածածին եկեղեցի, Քաղաք Վեդի

    Վեդիում հին, կիսաքանդ մատուռ կար, որի տեղում Վեդիի բնակիչ Էդգար Շաբոյանն իր ընտանիքի անդամների օգնությամբ, կարմիր տուֆով կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նա երազում տեսել էր եկեղեցու պատկերը և նույնությամբ կրկնօրինակել: Հայկական ոճով կառուցված եկեղեցու խորանը ունի զույգ ավանդատուն: Զանգակատուն չունի: Եկեղեցին օծվել է 2001 թ. օգոստոսի 12-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի: Գործող եկեղեցի է, որտեղ կատարվում են եկեղեցական բոլոր արարողությունները: