ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Աստվածածին մատուռ, Ավան

Սբ. Աստվածածին մատուռ, Ավան

  • 31 Mar 2017
  •     Ավանի Սուրբ Աստվածածին մատուռը մտահղացել և 1996-2002 թթ. կառուցել են Ավանի Նարեկացի թաղամասի 1ա շենքի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը:  Մինչ այդ Գրիշա Մելիք-Սարգսյանը կառուցել էր հայկական եկեղեցիների 10 քարակերտ մանրակերտ, իսկ Արմեն Աղաջանյանը՝ մեկը: Այնուհետև նրանք միասին շենքին հարակից տարածքում որոշեցին կառուցել գործող եկեղեցի: Ի դեպ, այդ նույն տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր հնամյա տաճարի սյան հիմնաքար:

    Եկեղեցու մանրակերտը տեսիլքով Գրիշա Մելիք-Սարգսյանը տեսել էր և պատրաստել: Հետագայում եկեղեցին նախագծվել և կառուցվել է ըստ այդ մանրակերտի: Եկեղեցին ունի 11 մետր բարձրություն, 30 քմ տարածք և զանգակատուն: Գրիշա Մելիք-Սարգսյանի նախապապը՝ Մելիք Սարգիսը, 17-րդ դարում Սուրբ Աստվածածնի նման մի մեծ եկեղեցի էր կառուցել Արցախում, իսկ նրա թոռը՝ Մելիք Ավետիսը, նորոգել էր գմբեթը: Այդ մասին մատնանշված է Արքեպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախի պատմություն» երկհատոր գրքում:

    Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցու շինարարության համար անժամկետ հատկացվել է 600 քմ տարածք: Շինարարական աշխատանքներն սկսվել են 1996 թ. և տևել շուրջ յոթ տարի: Գրիշա Մելիք-Սարգսյանը և Արմեն Աղաջանյանը ներդրել են իրենց բոլոր միջոցները և հնարավորությունները: 2000 թ. Արմեն Աղաջանյանը մեկնել է Ամերիկա, իսկ շինարարական աշխատանքներն ավարտին հասցրել Գրիշա Մելիք-Սարգսյանը, որը միաժամանակ հարդարել  ու կահավորել է եկեղեցու ներսը և բարեկարգել շրջակայքը:

    Գրիշա Մելիք-Սարգսյանը եկեղեցուն կից կառուցել է նաև երիցատունը, ծխական խորհրդի ատենապետի նստավայրը և հոգևոր կենտրոնը, ջրագիծն ու կոյուղին, էլեկտրասնուցման համակարգը: Բակում տեղադրվել է ցայտաղբյուր, խաչքար, կահավորվել երիցատունը և ծխական խորհրդի ատենապետի նստավայրը: Եկեղեցու շինարարությանն իրենց օրհնությունն ու նյութական աջակցությունն են բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը:

    Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2002 թ. նոյեմբերի 9-ին՝ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի մասնակցությամբ: Ներկայումս Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին գործում է:   

    shape
    book-shape