19-րդ դարավերջին, 1896 թ., Պարսկաստանից այստեղ ներգաղթել է մոտ 50 հայ ընտանիք: Եկեղեցին կառուցվել է 1902-1905 թթ. Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի (հետագայում` Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոս) կողմից՝ հայ բնակչության խնդրանքով:
Շինությունը պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է երեք նավի: Բեմն առանց հարդարանքի է: Եկեղեցու գմբեթը ներքուստ կլոր է, արտաքուստ` բազմանիստ թմբուկով և վեղարով: Պատուհանները կորագիծ են, պարզ, կամարակապ աղեղներով:
Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքում և հարավային մասում, որոնք առանց դռների են: Արևմտյան շքամուտքին կից զանգակատունն է: Տարածքը ցանկապատված է: Եկեղեցին վերականգնվել է 1981թ., Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի անմիջական աջակցությամբ: