Արագածոտնի թեմում, Արագած լեռան հարավային լանջին, խոր կիրճի եզրին գտնվող հրաշակերտ վայրը Տեղերի վանքն է: Շատերին հայտնի է Դղեր անունով: Ասում են, այդպես է անվանվել, որովհետև հնում հռչակված է եղել շրջակայքում աճող դեղաբույսերով: Սակայն կա ավելի հավաստի վարկած, ըստ որի իշխանուհի Մամախաթունը, երկար փնտրելուց հետո է գտնում այն տեղը, որտեղ որոշել էր կառուցել լուսահոգի ամուսնու` Վաչե Վաչուտյան իշխանի հիշատակին նվիրված եկեղեցին: Նա փնտրում էր այնպիսի տեղ, որտեղից կերևային ամուսնու իշխանության տակ գտնվող բոլոր 4 գավառները` Արագածոտնը, Բջնին, Արարատն ու Արմավիրը: Վաչուտյանի գերեզմանի վրա էլ կառուցվում է վանքը: Ամբողջ ծախսը հոգում է Մամախաթունը:
Պատմում են, որ վաղամեռիկ դստեր հիշատակին Մամախաթունը Սուրբ Աստվածածնի անունը կրող յոթ եկեղեցի է կառուցել Արագածոտնի տարածքում: Առհասարակ, թեմի ամենանշանավոր վանքերն ու եկեղեցիները Վաչուտյաներն են հիմնել: Տեղերի վանքի շինարարությունը սկսվել է 1213 թ.-ին և տևել է 11 տարի: Ըստ արձանագրության, ճարտարապետը Աղբայրիկ վարդպետն է: Եկեղեցու գավթում թաղված են շատ կրոնական ու մշակութային գործիչներ: Ենթադրվում է, որ այստեղ է նաև իշխանուհու տապանաքարը: 1700-ական թվականներին` Տեղերի վանքի պարսպի վերականգնման աշխատանքների ժամանակ, շրջակայքը նկարագրվում է երեք կողմից պարսպապատ, իսկ չորրորդ կողմը անթափանց անտառներով ծածկված խոր անդունդ է,-գրում է Հարություն Արարատյանը:
Վանքը 1949 թ. Բյուրականի երկրաշարժից լրջորեն վնասվել է: 1950-53 թթ. նորոգվել է, գմբեթների թմբուկներն են վերաշարվել, տեղադրվել են ծածկասալեր: Եվս մեկ նորոգում տեղի է ունեցել արդեն ավելի ուշ՝ 1975 թվականին, հիմնովին վերականգնվել է ծածկը, վերաշարվել են վեղարները: Այստեղ հոգևոր-մշակութային մեծ գործունեություն է ծավալվել 13-րդ դարում` Մամախաթունի հովանավորությամբ: Տեղերի վանքն ունեցել է շատ նշանավոր միաբաններ, իշխանուհին այստեղ նույնիսկ Մատենադարան է հիմնել: Այդ ժամանակ վանքին մեծ նվիրատվություններ են արել անհատները: Տեղերի վանքի շրջակայքն ու հուշարձանները դեռևս ուսումնասիրության կարոտ են: Դա կամբողջացնի հայ միջնադարյան պատմությունը: Սակայն նախևառաջ հարկ է հոգալ վանքի պահպանության հարցերը, ինչն այսօր համատեղ ջանքերով փորձում են անել վանքի բարերարները:
Սուրբ Աստվածածինը ժողովրդին հայտնի է իր հրաշքներով: Երկար տարիներ ամուսնացած և անզավակ զույգերը գալիս են Տեղերի վանք ու հետո երեխաներ ունենում: