Քահանաները

Տեր Մխիթար քահանա Ալոյան

Տեր Մխիթար քահանա Ալոյան

  • 28 Mar 2017
  •      Տեր Մխիթար (ավազանի անունը՝ Օնիկ) քահանա Ալոյանը ծնվել է 1956թ. հունվարի 29-ին Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում:

    1969 թ. տեղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:

    1974-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրումից հետո աշխատել է շինարարական կազմակերպությունում՝ որպես բանվոր, այնուհետև՝ գինեգործարանում, մանրահատակի գործարանում, նաև խանութում՝ որպես վաճառող:

    1978-1989 թթ. աշխատել է ՆԳ-ում՝ նախ որպես շարքային ծառայող, այնուհետև՝ Արտաշատի ՆԳ-ում՝ որպես շարքային անձնակազմի ավագ:

    1989 թ. ծառայության է անցել Արարատի մարզի Ս. Հակոբ եկեղեցում՝ որպես ուրարակիր:

    1990 թ. Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդի հրավերով մեկնել է Ուրուգվայ և սարկավագ ձեռնադրվել Մոնտեվիդեո քաղաքի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում:

    Վերադառնալով Հայաստան՝ 1991թ. մարտի 16-ին ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ձեռնադրվել է քահանա և ծառայել Գոշավանքում, ապա՝ Հաղպատ և Հաղարծին վանքերում՝ որպես վանահայր, նաև Դիլիջան քաղաքում՝ որպես հոգևոր հովիվ: Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ԱՄՆ մեկնելուց հետո նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդական փոխանորդ:

    1995 թ. նոյեմբերին տեղափոխվել է Արարատի մարզ և ծառայության անցել Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա:

    2001թ. փետրվարին կրկին մեկնել է Ուրուգվայ և ծառայել Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում, այնուհետև վերադարձել է Հայաստան: Ծառայության է անցել Արարատի մարզի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցում: Ներկայումս ծառայում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    shape
    book-shape