Տեր Դավիթ (ավազանի անունը՝ Գևորգ) քահանա Կյուրեղյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 3-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջանի Փոքր Ալագյազ գյուղում:
1984 թ. ավարտել է Փոքր Ալագյազ գյուղի ութամյա դպրոցը և կրթությունը շարունակել Բոգդանովկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1996 թ. մայիսի 19-ին ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Վեհարանի քարտուղար:
1997 թ. օգոստոսի 1-ից ծառայության է նշանակվել Գեղարքունյաց թեմում:
1997 թ. հոկտեմբերի 26-ին ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Մարտունու շրջանի հոգևոր հովիվ:
Այնուհետև 1999 թվակյանից ծառայել է Արարատի մարզի Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցում:
2000 թ. տեղափոխվել է Արարատի մարզի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ որպես հոգևոր հովիվ:
2002 թվականից տեղափոխվել է Արարատի մարզի Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցի:
2007 թ. դեկտեմբերի 1-ից տեղափոխվել և առ այսօր ծառայում է Արարատի մարզի Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2007 թ. մարտի 30-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ստացել է լանջախաչ, 2013 թ. փետրվարի 5-ին՝ ծաղկյա փիլոն: Ամուսնացած է, ունի 2 զավակ: