Տեր Բարսեղ (ավազանի անունը՝ Հովհաննես) ավագ քահանա Ղազարյանը ծնվել է 1955 թ. մայիսի 25-ին Արմավիրի մարզի 5-րդ սովխոզում:
1970 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը և ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան:
1973-1975 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1979 թթ. կրթությունը շարունակել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Այնուհետև աշխատել է ճեմարանի վերակացու:
1980 թ. մարտի 24-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել ծիսակատար քահանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում: Այդ ընթացքում 2 ամսով գործուղվել է ծառայության Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ (նախկին Օրջոնիկիձե) քաղաքի հայկական եկեղեցում:
1982 թ. դեկտեմբերի 30-ին նշանակվել է Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, այնուհետև՝ որպես հոգևոր հովիվ:
2001թ. նշանակվել է ծիսակատար քահանա Երևանի Նորագավիթ համայնքի Ս. Գևորգ եկեղեցում: 2013 թ. առ այսօր ծառայում է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում:
1981թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 1991թ. ապրիլի 22-ին՝ ծաղկյա փիլոն: 1998 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ: