shape

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի
Սբ. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

 Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից:

Ս. Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, իսկ անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Ս. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.):

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի

    Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է: Նախապես այն կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Զորավոր Սուրբ Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ համարվող Զորավոր Ավետարանը: Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր: Եկեղեցում է գտնվում Ս. Անանիա Առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայրի համարում ուներ: Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից և պարսպապատել: Այստեղ հիմնվել է անապատ, նաև վանական դպրոց: Վանքի կառուցումը կատարվել է Փիլիպոս Կաթողիկոսի օրոք (1632-1635թթ.), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել: 1679թ. երկրաշարժի ժամանակ այն հիմնավեր կործանվել է: Այժմյան Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է երկրաշարժից հետո նույն տեղում, 1693թ.` Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ:

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)
Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

     Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին, ուշ միջնադարյան մյուս՝ Ս. Պողոս-Պետրոս, Զորավոր Սուրբ Աստվածածին և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների նման, եռանավ բազիլիկ է:

  Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ ավանդատներով հանդերձ: Մտահոգված Կոնդի եկեղեցու անբարետես վիճակով` ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությանն է ներկայացրել եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծը, որն հավանության է արժանացել, սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: Տաս տարի անց, հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանն իր հոր մտահղացումը վերածել է տեխնիկական նախագծի, որը թույլատրվել է իրականացնել:

Սբ. Գևորգ եկեղեցի, Նորագավիթ
Սբ. Գևորգ եկեղեցի, Նորագավիթ

     Հնագույն և մարդաշատ Նորագավիթ գյուղը տասից ավելի եկեղեցիներ ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Ս. Գևորգը: Այն իր հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է, կամարակապ արևմտյան նախասրահով՝ վրան 12-սյունանի կաթողիկե զանգակատնով: Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից: Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են:

Սբ. Մարիամ Աստվածածին Եկեղեցի. Մալաթիա-Սեբաստիա
Սբ. Մարիամ Աստվածածին Եկեղեցի. Մալաթիա-Սեբաստիա

     Հայոց Եղեռնից առաջ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում ապրում էր 40.000 մարդ, որից 20.000-ը հայեր էին: Եղեռնից մազապուրծ մալաթիահայերը ցրվեցին աշխարհով մեկ և ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում: 

1927 թ., երբ նրանք ներգաղթեցին Խորհրդային Հայաստան, Երևանի ծայրամասերից մեկում հիմնեցին թաղամաս, որն անվանեցին Նոր Մալաթիա: Այսօր Նոր Մալաթիա թաղամասն ունի 178 հազար բնակիչ: Այնտեղ կառուցվել են բնակելի շենքեր, 10 արդյունաբերական ձեռնարկություններ, մշակույթի պալատ, դպրոցներ, շուկա:

Սբ. Աստվածածին եկեղեցի, Նորք-Մարաշ
Սբ. Աստվածածին եկեղեցի, Նորք-Մարաշ

  Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր  Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թ. աղետալի երկրաշարժից:

Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի
Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի

     Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր Երևանի Շահար թաղամասում, ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Այն Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու նույն ցավալի ճակատագիրն է ունեցել: Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեն քաղաքային իշխանություններից եկեղեցու քանդման թույլատվություն էր ստացել, որպեսզի հսկեր աշխատանքները և որևիցե կարևոր բեկոր չկորչեր կամ չփչանար: Եկեղեցին սկսել են քանդել 1936թ. դեկտեմբերին, որ տևել է մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը: Թեև կորստյան մատնվեց ուշ միջնադարյան Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց գիտական հսկողության շնորհիվ հայտնագործվեց Երևանի ավելի արժեքավոր ու հին մի եկեղեցի` Սուրբ Աստվածածինը:

 Սբ. Հակոբ եկեղեցի, Քանաքեռ
Սբ. Հակոբ եկեղեցի, Քանաքեռ

     Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում, թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով: Ս. Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ /1144/, որն էլ համարվում է եկեղեցու կառուցման տարեթիվը: Ս. Հակոբ եկեղեցին թեմական եկեղեցի էր:

Սբ. Սարգիս եկեղեցի, Նոր Նորք, 5-րդ զանգված
Սբ. Սարգիս եկեղեցի, Նոր Նորք, 5-րդ զանգված

     Ս. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998 թ. մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Գառնիկ Հալաջյանը նույնպես զգալի ներդրում է ունեցել:

    Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակորեն միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով երեսապատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից:

Սբ. Նահատակաց եկեղեցի
Սբ. Նահատակաց եկեղեցի

     Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցու կառուցումն սկսվել է 1996 թ. Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի  հայրապետության օրոք: Առաջին պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը:

Ս. Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին:

Սբ. Խաչ եկեղեցի,  Ներքին Չարբախ
Սբ. Խաչ եկեղեցի, Ներքին Չարբախ

      Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով, 1996 թ. սկսեցին կառուցել Սուրբ Խաչ Եկեղեցին:

Տասը տարի անց՝ 2006 թ. հոկտեմբերին ավարտվեցին Եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքները: Ավանդական ճարտարապետական ոճ ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր է: Սրահի երկու կողմում ավանդատներ են: Եկեղեցին դեռևս զանգակատուն չունի, սակայն նախագիծը պատրաստ է, նախատեսվում է առաջիկայում կառուցել: Սուրբ Խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի հայտնի գեղանկարը:

Սբ. Երրորդություն եկեղեցի, Մալաթիա-Սեբաստիա
Սբ. Երրորդություն եկեղեցի, Մալաթիա-Սեբաստիա

    Սուրբ Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թ. մարտին: Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 2005թ. նոյեմբերի 19-ին ձեռամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի օծվել են եկեղեցու խաչերը:

  2005 թ. նոյեմբերի 20-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կատարվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման սրբազան արարողությունը: